Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և Հարավային Կովկասում և ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տևական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Անշուշտ համանախագահների միջև տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տևական կարգավորմանը», - նշել է Ուորլիքը:
Անդրադառնալով «Լավրովի ծրագրին», որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է` դեսպանը նշել. «Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ և քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջև: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու և մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն և արդյունավետ»: