Հայաստանում արդեն երրորդ անգամ ֆրանկոֆոնիայի շարժման շրջանակում կանցկացվի ֆրանսիական կինոյի փառատոն, հայտնում է News.am-ը:
Ֆրակոֆոնիայի օրերի շրջանակում փառատոնը տեղի կունենա մարտի 11-ից 18-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ փառատոնին կներկայացվեն 11 ֆիլմեր Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Բելգիայից: Ընդ որում՝ Բելգիան փառատոնին առաջին անգամ է մասնակցում, հանդիսատեսը կտեսնի «Նորագույն Աստվածաշունչ» (2015 թվական) ֆանտաստիկ կատակերգությունը, որը միջազգային փառատոներում մեծ թվով մրցանակների է արժանացել: Մուտքն ազատ է: Բոլոր ֆիլմերն ունեն ռուսերեն կամ հայերեն մակագրեր:
Ֆրանկոֆոնիայի օրերը կտևեն մինչև ապրիլի 12-ը և միջոցառումների լայն սպեկտր կընդգրկեն:
Մարտի 20-ին հանդիսավորապես կնշվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:
Մարտի 21-22-ին արդեն ոչ առաջին տարին կանցկացվի ֆրանսիական խոհանոցի Gout de France մրցույթը: Այս անգամ դրան կմասնակցեն Երևանի, Գյումրիի և Դիլիջանի 23 ռեստորաններ:
Մարտի 23-ին Alliance Française-ում տեղի կունենա գրավոր ֆրանսերենի մրցույթ՝ Dis-moi dix mots (Ասա՛ տաս բառ), որի մասնակիցները տարբեր մրցանակներ կստանան՝ ընդհուպ ուղևորություն Ֆրանսիա:
Միջոցառումները կվերաբերեն նաև մարզերին: Մարտի 28-30-ը Գորիսում տեղի կունենա երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 80 երիտասարդներ Երևանից, Չարենցավանից, Հրազդանից, Էջմիածնից և Գորիսից:
Ֆրոնկոֆոնիայի օրերը կավարտվեն ապրիլի 10-12-ին՝ «Տվյալների մասին գիտություն, հասարակական գիտություն» համաժողովով: