Սիրիական Իդլիբում իրավիճակը վերջին օրերին բավականին լարված է: Հաղորդվում է, որ սիրիական կառավարական ուժերն ակտիվություն են ցուցաբերում Իդլիբի ուղղությամբ, ինչը, բանականաբար, չի կարող դուր գալ Թուրքիային և վերջինիս պատասխանը դրան չի ուշանա:
Նշենք, որ Իդլիբը համարվում է Սիրիայում ահաբեկիչների վերջին հենակետը, և պաշտոնական Դամասկոսն ու Մոսկվան շահագրգռված են այն ազատագրելու հարցում, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որին, Աստանայի ձևաչափի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, վստահվել է Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարը: Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնություն ձեռք չբերելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել քաղաքական կարգավորման գործընթացի համար:
Ընդ որում, վերջին շրջանում Աստանայի ձևաչափի մասնակիցներից ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև կա որոշակի լարվածություն, որը խանգարում է կարգավորման գործընթացին, այլ նաև Ռուսաստանի և Իրանի: Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Պուտին-Նեթանյահու բանակցությունների արդյունքում Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են հակամարտության կարգավորումից հետո բացառել Սիրիայում օտարերկրյա ներկայությունը: Իհարկե, խոսքն այստեղ առաջին հերթին Իրանի մասին է: Իսրայելի համար Իրանի ներկայությունն իր սահմանների մոտ ուղղակի անթույլատրելի է և վերջինս ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Միաժամանակ Իրանը, որն այս տարիներին բավականին մեծ ռեսուրս է դրել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար, հիմա ամեն գնով փորձելու է պահելու այդ երկրում իր ազդեցությունը:
Հարցն ավելի է բարդանում պայմանավորված Իսրայելում ապրիլին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ Իսրայելում այս ընթացքում ավելի կոշտ հայտարարություններ են հնչելու` այդ թվում նաև Նեթանյահուի կողմից` ընտրազանգվածներին իր կողմ գրավելու համար: Նման իրավիճակում Աստանայի ձևաչափը փրկելու և միևնույն ժամանակ Իսրայելի հետ Սիրիայում լուրջ առճակատում չունենալու համար Ռուսաստանը թերևս կարող է փորձել հասնել Իրանի ռազմական ուժերի ներկայության ապահովմանը սիրիա-իսրայելական սահմանից Թել-Ավիվի համար ընդունելի հեռավարության վրա:
Ընդհանուր առմամբ, այս պահին Աստանայի ձևաչափում ներգրավված երկրները` Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, պետք է հետևողական քայլեր ձեռնարկեն ձևաչափը փրկելու ուղղությամբ` հակառակ դեպքում, ոչ միայն հակամարտության կարգավորումը լուրջ հարված կստանա, այլ նաև Սիրիայում իրենց ազդեցությունն ամրապնդելը: Սիրիայում ևդրա շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ ինչպես և ակնկալվում էր, քաղաքական կարգավորման գործընթացն ավելի բարդ է լինելու, քան ուղղակի զինված պայքարն ահակիչների դեմ: