Այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:
Լուրը tert.am-ի հետ զրույցում հաստատել է Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:
«Բնական մահով է մահացել: Առաջնուղեղի բջիջները մահանում էին, հիշողությունն աստիճանաբար կորցնում էր, սիրտը կանգ առավ և մահացավ: 10 տարվա հիվանդության բնական հետևանքն էր»,- ասել է Տ. եպիսկոպոս Մաշալյանը:
Սահակ Մաշալյանը նշել է, որ լուրի մասին դեռ պաշտոնապես չեն հայտարարել, միայն ժողովրդին են տեղեկացրել: «Հիմա գնում ենք հիվանդանոց մարմինը եկեղեցի բերելու համար: Մեր ժամանակով ժամը 4-ին եկեղեցական արարողություն ենք անելու: Նրա մարմինը կմնա եկեղեցում մինչև հուղարկավորելը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 9 տարի շարունակ կոմայի մեջ էր գտնվում: Այժ Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: