Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է Vatican News-ը:
Կարեն Նազարյանի` Սուրբ Աթոռում դեսպան նշանակվելու կապակցությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել էր նրան՝ հայտնելով, որ Նազարյանը «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից մեկն է» և ինքն «համոզված է, որ նրա երկարամյա փորձառության, նվիրվածության ու ջանքերի շնորհիվ հայ-վատիկանյան բարեկամությունը ավելի պիտի ամրապնդվի»։
Կարեն Նազարյանը Ֆրանցիսկոս պապին որպես երախտագիտության նվեր հանձնել է Քահանայապետական Զինանշանը պատկերող մետաքսե ձեռագործ աշխատանքով խորհրդանիշ, որի ներքևի մասում արձանագրված է հետևյալը. «Մշտական աղոօթքով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայաստանում ապաստանած սուրիահայերի կողմից»։
Նշենք, որ Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: