Ավստրիական խոհանոցը կայսերական խոհանոց է, ուստի, այն ավելի նրբահամ է, քան, ասենք, գերմանական խոհանոցը: Ավստրիական խոհանոցը հաճախ նույնացվում է վիեննական խոհանոցի հետ, թեև Ավստրիայի ազգային խոհանոցային արվեստն իր արտացոլումը գտնում է տարածաշրջանային բազմազանության վարիացիաներում՝ պայմանավորված Ավստրո-Հունգարական կայսրության ընդհանուր պատմությամբ։ Ավստրիական խոհանոցում միահյուսվել են Հունգարիայի, Բոհեմիայի, Բավարիայի և Իտալիայի խոհանոցային ավանդույթները։ Մյուս երկրներից փոխառած կերակրատեսակները և նրանց պատրաստման եղանակները ինտեգրվել են և տեղայնացվել։
Ավստրիական ազգային խոհանոցի առանձնահատկությունը ճաշատեսակների պատրաստման պարզությունն է, որոնք, ի դեպ, նաև թանկ չեն:
Դեռ պատմական ժամանակներից և´ հասարակ աշխատավորի, և´ պալատական արիստոկրատի տոնական սեղանի ուտեստը կարող էին լինել վիեննական ազդրամիսը, տավարի միսը կարտոֆիլով ու սոխով կամ տապակած տավարի միսը: Պատահական չէ, որ ավստրիական խոհանոցը համարվում էր «ժողովրդավարական խոհանոց»:
Շատ բաղադրատոմսեր և ճաշատեսակներ համարվում են բնիկ ավստրիական կամ տարածաշրջանային, բայց նրանք չէին կարող լինել եթե չլիներ մշակույթների հետ առնչությունները: Ասում են, որ ավստրիացիներին բնորոշ է մի ափսեի մեջ հմտորեն խառնել ամենատարբեր ուտելիքներ, արդյունքում նաև խառնելով մշակութային ազդեցությունները: Ավստրիական խոհանոցն իրենից ներկայացնում է եվրոպական մշակույթի պատմությունը. այն միաժամանակ ճամփորդություն է դեպի անցյալ: Ի վերջո, սննդամթերքը ևս ինքնություն է, այն մարմնավորում է պատկանելությունը ընտանիքին, մշակութային շրջանակին ու ազգային միասնությանը: Եթե բրիտանացիների համար այդ «ինքնությունը» ձուկն է ու չիպսերը, ամերիկացիների համար` համբուրգերները, ճապոնացիների համար` սուշին, ապա ավստրիացիների համար` շնիցելը կամ վիենական շնիցելը: Ի դեպ դրա հայրենիքը համարվում է ոչ թե Վիեննան, այլ Վենետիկը: Դեռ 16-րդ դարում, իտալական խոհարարները միսը տապակում էին սպիտակ չորահացով: Լեգենդի համաձայն, շնիցելը Ավստրիա է «եկել» 1857 թ., շնորհիվ ավստրիական ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկիի: Կայսրության դարաշրջանում այս կերակրատեսակը հասցվել է կատարելության աստիճանի և դարձել է անկրկնելի ավստրիական ուտեստ:
Ստորև ներկայացնենք շնիցելի պատրաստման բաղադրատոմսը.
Բաղադրությունը.
հորթի կամ խոզի միս- 6 կտոր ( 130-ական գ),
1-2 հատ կարտոֆիլ,
ձու – 1-2 հատ,
ալյուր – 6 ճ. գդ.,
պաքսիմատ – 6-7 ճ. գդ.,
սև աղացած պղպեղ, աղ,
կարագ – 2 ճ. գդ.
Պատրաստման եղանակը.
Մսի բարակ շերտերը ծեծել, աղ, պղպեղ ցանել: Ձուն թեթևակի հարել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել: Ընդհանուր զանգվածին կարելի է երկու գդալ ջուր ավելացնել, որ կեղևը շատ չոր չստացվի: Մսի ամեն շերտ թաթախել ալյուրի մեջ, հետո ձվի, վերջում պաքսիմատի: Հետո կրկնել. ալյուր, ձու, պաքսիմատ: Կրկնակի կեղևը թույլ է տալիս, որ միսը հյութեղ մնա: Առատ բուսայուղի մեջ տապակել միսը, մինչև խրթխրթան կեղև ստացվի: Կարելի է երկու կողմից մի քիչ տապակել, ապա դնել ջեռոցի մեջ: Դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Կարելի է մատուցել կտրատած:
Բարի ախորժակ