ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում ընթացող կոնֆերանսում, հայտնում է News.am-ը:
Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
ՆԱՏՕ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահելու և հանրապետությունում խաղաղ գործընթացների առիթով։ «Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է, իսկ տարածաշրջանը կարևոր է դաշինքի համար»,- նշել է Ապատուրայը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը դաշնակիցներ ընտրելու հարցում՝ լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական։ «Մենք խնդիր չենք տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ Այս հարցը երեկ քննարկվել է նախագահի և վարչապետի հետ։ ՆԱՏՕ-ում կարծում են, որ դաշինքի հետ համագործակցությունը բարձրացնում է տարածաշրջանի անվտանգությունը»,- նկատել է Ջեյմս Ապատուրայը։