ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով հայ երիտասարդ բլոգերների նախաձեռնությանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են Youtube-ի հայաֆիկացման, վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին», – ասել է նախարարը։
Նախարարը շեշտել է, որ գործընթացը պայմանավորված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ, որի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև տեղեկատվական հարթակների զարգացումն ու հայաֆիկացումը։