Թուրքիայի Մարդինի շրջանի Էվջիլեր գյուղի ոստիկանապետը սպառնացել է գյուղացիներին, որ եթե նրանք իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) օգտին չքվեարկեն, ապա կվառի գյուղը:
Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոստիկանապետը գյուղացիներին ասել է. «Եթե AKP-ն նվազագույնը 200-300 քվե չստանա, կայրեմ այս գյուղը»:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը:
Նրանց խոսքով` ոստիկանապետը երբեմն «ահաբեկիչ» է անվանում այն գյուղացիներին, որոնք մինչ այդ քվեարկել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին:
Ոստիկանապետը հայտնել է` «Մինչև այս գյուղը չփոխեմ, ոչ մի տեղ այտեղից չեմ գնալու»:
Նշվում է, որ գյուղում մեկ այլ դեպք նույնպես գրանցվել է: Ոստիկանապետը HDP-ի թեկնածուներից մեկին սպառնացել է, որ կսպանի նրան: