Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում մարտի 12-ին կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
- Պարո´ն Բաբայան, կմանրամասնե՞ք ինչ է քննարկվել Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ:
- Նախ նշեմ, հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների նիստն այս ձևաչափով առաջին խորհրդակցությունն էր, որը կարևոր իրադարձություն կարելի է համարել: Լավ կլինի, եթե այս ավանդույթը շարունակվի նաև ապագայում, կարելի է նման նիստ կազմակերպել նաև Երևանում: Կարծում եմ, որ այդ համատեղ նիստերի մշակույթը շատ հետաքրքիր է և արդյունավետ:
Իսկ ինչ վերաբերում է անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկված թեմաներին, պետք է նշեմ, որ քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ: Նիստը տևել է 8-9 ժամ: Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցության հարցեր: Քննարկվել է անվտանգության, սոցիալ-տնտեսական, ռազմավարական ծրագրերից մինչև արտաքին քաղաքական հարցեր: Բնականաբար քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ պաշտոնական Երևանը հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը հասնելուն, ինչը միշտ կարևորել է պաշտոնական Ստեփանակերտը: Սա է մեզ համար ուղենիշ: Եվ մեկ անգամ պաշտոնական Երևանը հաստատեց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափը, որը ևս կարևոր է այն տեսանկյունից, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը:
Շատ կարևոր է, որ ընդգծվեց անվտանգության ու կարգավիճակի հրամայական լինելու խնդիրը: Ընդհանուր առմամբ, անդրադարձ է արվել բոլոր այն խնդիրներին, որոնք ընկած են մեր պետականաշինության հիմքում:
Ընդհանրական անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: Սակայն նշեմ, որ պետք է առհասարակ ոչ թե հայտարարությունների վրա կենտրոնանալ, այլ` կարևորագույն խնդիրների: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հայտարարությունն է: Մենք պետք է անկախ ամեն ինչից միշտ միասնական ճակատով հանդես գանք: Կարևորը հենց սա է:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը: