Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարություններով, հաղորդում է Panorama.am-ը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ վերջին երեք տարիներին սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան, որը կարևոր ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպությունում կունսենսուսի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հանձնառու են շարունակել միջազգային կառույցների հետ համագործակցությունը բարեփոխումների ու ձեռքբերումների ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ-ն պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ-ում Սլովակիայի հետ նախագահության օրակարգային հարցերի շուրջ։ ՀՀ-ն աջակցում է Սլովակիայի առաջնահերթություններին, հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման հարցում։
Մնացականյանը նշեց, որ կարևոր է այն, որ մարդը գտնվում է ԵԱՀԿ գործուներության կենտրոնում։ ԵԱՀԿ-ն իսկապես մարդկանց մասին է, որոնք արժանի են խաղաղությաղ ու անվտանգ ապրելու հնարավորությանը։
«ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք հասանելի չեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նշվեց, որ քննարկվել են ռազմաքաղաքական հարցեր, սպառազինությունների վերահսկման, սպառազինության մրցավազքից խուսափելու հարցերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ ԱԳ նախարարը նշեց, որ հիմնահարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
«ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ։ Կրկնեցի այն մոտեցումը, որ վերաբերում է ԼՂ որոշիչ ձայնին ու ներգրավվածության ապահովմանը։ ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, սեփական հայրենիքում իր ճակատագիրը ազատ տնօրինելու իրավունքը։ Այն վերաբերում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական անվտանգությանը՝ կյանքի անվտանգությանը»,- ասաց Մնացականյանը։
Մնացականյանը նշեց, որ այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը։