Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ: Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս մասին ասել է հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար տարածած հայտարարության մեջ, հայտնում է News.am-ը:
«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որի համար խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն: Դա նրա զարգացման և մեր երկրների տնտեսության զարգացման պայմաններն են»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով՝ տարածաշրջանում մեծ թվով մարտահրավերներ կան, և անհրաժեշտ է հիշել, որ գլխավոր ճանապարհը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Հակամարտությունները դանդաղեցնում են մեր զարգացումը, դրանք անհրաժեշտ է կարգավորել երկխոսության և բանակցությունների ճանապարհով, կարծում է Վրաստանի նախագահը:
«Անհրաժեշտ է նաև նշել, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է, որ հակամարտությունը (Ղարաբաղյան) չտեղափոխվի Վրաստանի տարածք, իսկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրեն»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Ընդ որում՝ նա կարևորել է նաև հայ բնակչության կողմից վրացերեն սովորելու մակարդակի բարձրացումը, որպեսզի լինեն երկրի զարգացման լիարժեք մասնակիցներ: