Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին անգամ մերժեց Brexit-ի պայմանների շուրջ Բրյուսելի և Լոնդոնի միջև 2018թ. նոյեմբերին համաձայնեցված պայմանագիրը:
Մարտի 12-ին քվեարկության դրված պայմանագիրը մերժվեց պատգամավորների ձայների 391 դեմ, 242 կողմ հարաբերակցությամբ: Այսօր` մարտի 13-ին ևս բրիտանական խորհրդարանում կայանալու է քվեարկություն Brexit-ի հարցով. այս անգամ խորհրդարանականները պետք է որոշեն` կո՞ղմ են արդյոք առանց որևէ գործարքի` «կոշտ» Brexit-ին (no deal Brexit), թե՞ ոչ: Եթե այսօրվա քվեարկության արդյունքներով խորհրդարանականները դեմ արտահայտվեն նաև «կոշտ» Brexit-ի տարբերակին, ապա մարտի 14-ին քվեարկության կդրվի Brexit-ի ժամկետների հետաձգման հարցը:
Եթե խորհրդարանը կողմ արտահայտվի Brexit-ի ժամկետների հետաձգմանը, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պաշտոնապես դիմի Եվամիությանը համապատասխան դիմումով, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ներկայացվեն լուրջ հիմնավորումներ նախապես որոշված ժամկետների հետաձգման համար: Եվրամիությունը պետք է քվեարկության դնի ներկայացված դիմումը և միայն ԵՄ անդամ 27 երկրների կոնսենսուսային համաձայնության դեպքում կընդունվի որոշում հետաձգել Մեծ Բրիտանիային և ԵՄ-ի «ապահարզանի» ժամկետը:
Այսպիսով, Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման նախանշված ժամկետին` մարտի 29-ին, մնացել են հաշված օրեր, սակայն Մեծ Բրիտանիան դեռևս չի կայացրել գլխավոր որոշումը` «բաժանվել» Եվրամիությունից հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթով, թե՞ առանց դրա: Ստանալով երկրորդ մերժումը խորհրդարանի կողմից, ըստ էության, Միացյալ Թագավորության կառավարությունն` ի դեմս վարչապետ Թերեզա Մեյի, կորցրեց վերահսկողությունը գործընթացի նկատմամբ և կանգնած է հրաժարականի, իսկ անձամբ Թերեզա Մեյը՝ նաև քաղաքական կարիերայի ավարտի շեմին:
Այս պահին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դժվար կանխատեսելի է, սակայն տարբերակներն այնքան էլ շատ չեն` Brexit-ի ժամկետների հետաձգում՝ այդ ընթացքում դեռևս չհստակեցված քայլերի իրագործման տեսլականով, կամ Թերեզա Մեյի կառավարության հրաժարական և երկրորդ հանրաքվե: