Հանրային հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ չեն եղել բանակցություններ, եղել է միայն մտքերի փոխանակում․ «Դրանք կարող են շարունակական լինել այնքան ժամանակ, մինչև մենք տեսնենք, որ հնարավոր է Արցախի մասնակցությունը, և այդպես առաջ կգնանք»:
Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքները» բանակցային հիմք ընդունելու հարցին՝ ԱԽ քարտուղարը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստի ընթացքում արած հայտարարությանը՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ կան տարընթերցումներ․
«Մենք զերծ ենք մնացել մեկնաբանություններից, մենք ասել ենք՝ եկե՛ք նստենք, հստակեցնենք՝ ինչ ենք հասկանում՝ «Մադրիդյան սկզբունքներ» ասելով։ Ադրբեջանը նշում է, որ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պետք է հարցը կարգավորվի։ Մենք հասկանում ենք, որ Արցախի հանձնում երբեք չի լինելու։ Երբ հստակեցնենք, այդ ժամանակ էլ դիրքորոշում կունենանք»։