Իսրայելի օդուժը մարտի 14-ի լույս 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ է գրոհել Գազայի հատվածում` ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի, նրա գործարար մայրաքաղաքի հրթիռակոծման պատասխանատվությունը իսրայելացիները դրել են Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ շարժման վրա և հարվածներ են հասցրել վերջինիս ռազմականացված միավորումների ենթակառուցվծաքի վրա Գազայի ողջ տարածքում:
Հաղորդվում է, որ գիշերվա ընթացքում պաղեստինցիները նաև հինգ հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ, որոնցից երեքը որսացել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը: Փոխադարձ հարվածների հետևանքով կողմերի կորուստների վերաբերյալ առայժմ տեղեկատվություններ չկան:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևն ավելի վաղ հայտարարել էր, որ կապ չունի Թել-Ավիվի ուղղությամբ երկու հրթիռների արձակման հետ, որի արդյունքում Թել-Ավիվում 2014 թվականից ի վեր առաջին անգամ աշխատել է օդային տագնապի ազդանշանը և բաց են եղել հասարակական ապաստարանները: