Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը: Նա նաև նշել է. «Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»:
Նշենք, որ այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաև Զաարլանդի համալսարան:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը: