Եթովպիայում կործանված Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել, հայտնում է CNN-ը:
Հարազատների մարմինները տանելու համար Ադիս Աբեբա ժամանած զոհերի հարազատներից ոմանք վթարի վայրից հողով լցված փոքրիկ պարկեր են ստացել։ Աճյունները հնարավոր չի լինի ստանալ, քանի դեռ չի ավարտվի ԴՆԹ-ով նույնականացման ընթացակարգը: Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիթ Մոգեսի խոսքով՝ դա կարող է տևել մինչև վեց ամիս:
Boeing 737 MAX 8-ը մարտի 10-ին Եթովպիայում ընկել է թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 հոգին զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են 33 երկրների քաղաքացիներ: