Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը: Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաև Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը:
Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Քոտրեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հելֆրիխի, Անտոն Ֆրիզենի և Վալդեմար Հերդթի հետ: Գերմանական կողմի ներկայացուցիչները նշելեն, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:
Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում:
Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ և վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Խոսելով հակամարտության կարգավորման վեաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսևորումների նկատմամբ:
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը:
Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: