Վենեսուելայի հայ համայնքի և նրանց կարիքների վերաբերյալ իրականացրած հարցազրույցի ընթացքում «Արմեդիա ՏՎԳ»-ն տեղեկացվեց, որ Վենեսուելայի հայ համայնքի անդամների մոտ մեծ է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հետաքրքրությունը, սակայն ո´չ Կարակասում հայկական դիվանագիտական ներկայացուցչություն կա, ո´չ էլ համայնքի անդամներն ի վիճակի են քաղաքացիություն ստանալու համար Բրազիլիա կամ Արգենտինա մեկնել: Հարցի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:
«Մենք առ այսօր որևէ խնդրի վերաբերյալ որևէ իմֆորմացիա չենք ստացել Վենեսուելայի մեր հայրենակիցներից:
Մենք մշտապես կապի մեջ ենք համայնքային կառույցների հետ և համայնքի առանձին անհատների հետ: Ու քաղաքացիության հայտեր Վենեսուելայից ստացվել են Լատինական Ամերիկայի մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով նաև այս օրերին, և որևէ խնդրի մասին այդ առումով ԱԳՆ-ն դիմում չի ստացել: ԱԳՆ-ն ունի թեժ գիծ, որին մեր հայրենակիցները կարող են գրել:
Եթե կան խնդիրներ, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դիմել ԱԳՆ կամ կողքի դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչն ավելի հարմար է», - ասաց Աննա Նաղդալյանը: