Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նախազգուշացում է հղել նրանց, ովքեր հակամուսուլմանական նպատակներով պատրաստվում են երկրի տարածք մուտք գործել:
Daily Mail-ի փոխանցմամբ` Էրդողանն անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտին ու հայտարարել, որ նողկալի դրդապատճառներով Թուրքիա մուտք գործողները «հետ կվերադառնան դագաղներով»:
Նշվում է, որ Էրդողանը նկատի է ունեցել 1916 թվականին դաշնակից ուժերի՝ Գալիպոլիի թերակղզի ներխուժելու ձախողված փորձը:
«Ձեր պապերը եկան, նրանցից որոշները հետ վերադարձան դագաղների մեջ պառկած: Եթե դուք էլ ձեր պապերի պես գաք, վստահ եղեք, որ նրանց պես էլ վերադառնալու եք: Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների և մյուս հալածյալների դեմ, ապա պատմությունը կկրկնվի: Եթե Թուրքիան կրկին Գալիպոլիի ճակատամարտի պես փորձության առաջ կանգնի, ապա կկարողանա նույնը կրկնել»,-ասել է Էրդողանը:
Նշվում է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչության ֆոնին: