Իրանն ու Թուրքիան մարտի 18-ին թուրք-իրանական սահմանին համատեղ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԱԿ-ի զինյալների դեմ գործողությունները, հատկապես նախընտրական շրջանում, լավ հնարավորություն են իշխող կուսակցության համար` իր կողմ գրավելու ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին: Ուստի, մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նման նախաձեռնությունը միանգամայն սպասելի էր:
Այստեղ առավել հետաքրքրական է այդ գործողությանն Իրանի միանալը. սա ՔԱԿ-ի դեմ թուրք-իրանական առաջին համատեղ գործողությունն է: Թուրքիան Իրանի հետ ՔԱԿ-ի դեմ համատեղ գործողություն իրականացնելու մասին հայտարարել էր նաև 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններից առաջ, սակայն Իրանը չմիացավ դրան:
Թուրքական իշխանությունները ՔԱԿ-ի դեմ գործողություններից ոչ միայն որոշակի քաղաքական դիվիդենտներ են քաղում, այլև լուծում են երկրի անվտանգային հարցերը: Իսկ Իրանի համար այս գործողությունն ավելի շատ գլխացավանք կարող է առաջացնել: Այսպես, Իրանի տարածքում գործում է «Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը», որը համարվում է ՔԱԿ-ի իրանական տարբերակը: 2011 թվականից «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» և իրանական իշխանությունների միջև ոչ պաշտոնական հրադադար է, սակայն ՔԱԿ-ի դեմ գործողությունները կարող են հանգեցնել կուսակցության ակտվացմանը` խնդիրներ առաջացնելով Իրանի ներսում: Թերևս այդ հարցում ունեցած մտահոգություններով էր պայմանավորված նախկինում հայտարարված գործողություններին Իրանի չմիանալը:
Պետք է նկատել, որ այժմ Թեհրանի այդ մտահոգությունները չեն փարատվել, սակայն կարծես թե մղվել են երկրորդ պլան: Վերջին շրջանում սիրիական ճակատում Իրանի համար լուրջ մարտահրավերներ են առաջացել. Սիրիայում իրանական ներկայության դեմ Իսրայելի սկսած արշավին Մոսկվան առանձնապես չի ընդդիմանում, ավելին` ըմբռնումով է մոտենում այդ երկրում իրանական ներկայության հետ կապված Թել-Ավիվի մտահոգությանը (Մոսկվայում մտավախություն ունեն, որ Սիրիան կարող է վերածվել Իրանի և Իսրայելի միջև բախումների թատերաբեմի` հակամարտությունը տեղափոխելով միանգամայն նոր փուլ):
Նման պայմաններում Թուրքիայի աջակցությունն այդ հարցում Թեհրանի համար շատ կարևոր է, քանի որ զգալիորեն կարող է մեղմել Ռուսաստանի ճնշումը. Մոսկվայի համար իմիջային լուրջ հարված կլինի Աստանայի ձևաչափի պառակտումը, ինչը կնվազեցնի սիրիական կարգավորման վրա Մոսկվայի ազդեցությունը:
Թուրքիայի համար թիվ մեկ խնդիրներից համարվող քուրդ զինյալների դեմ պայքարի հարցում Իրանի աջակցությունը թերևս այն գինն է, որ Թեհրանը վճարում է ռուս-իսրայելական համագործակցության առաջ Սիրիայում միայնակ չմնալու համար:
Ընդ որում, Անկարան ևս մտավախությամբ է վերաբերվում տարածաշրջանում իսրայելական ազդեցության մեծացմանը և ամեն կերպ փորձում է կանխել դա: Հետաքրքիր զուգադիպությամբ, վերջին օրերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հերթական լեզվակռիվն են սկսել` փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում ունի այն, որ երկու երկրում էլ նախընտրական շրջան է, սակայն էրդողան-Նեթանյահու լեզվակռիվը հերթական անգամ ցույց է տալիս, որ երկու երկրների միջև խորքային տարաձայնությունները պահպանվում են:
Այստեղ հարկ է նկատել, որ չնայած Թուրքիան դեմ է հանդես գալիս տարածաշրջանում իսրայելական ազդեցության աճին, այս հարցում Իրանին վերջինիս աջակցությունը կարող է սահմանափակ լինել: Թուրքիայի համար այս պահին ավելի կարևոր է Իդլիբի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության գալը: Մոսկվային արդեն նյարդայնացնում է Թուրքիայի վերահսկողությանը հանձնված սիրիական այդ նահանգում ահաբեկիչների առկայությունը, և նա չի բացառում սեփական ուժերով նահանգն ազատագրելու տարբերակը, ինչը բնավ չի բխում Անկարայի տարածաշրջանային շահերից:
Այս համատեքստում հետաքրքրական է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա այցի կրկնակի հետաձգումը. առաջին դեպքում պայմանավորված Լավրովի, երկրորդ դեպքում` Չավուշօղլուի ժամանակացույցում առկա ֆորս-մաժորային իրավիճակներով: Նշենք, որ այցի ընթացքում կողմերը պատրաստվում էին քննարկել սիրիական հակամարտությունը և ապրիլի սկզբին նախատեսվող Պուտին-էրդողան հանդիպման նախապատրաստումը:
Իհարկե, հանդիպման հետաձգումները կարող են իսկապես պայմանավորված լինել պաշտոնապես հայտարարված պատճառներով, սակայն չի բացառվում նաև, որ հետաձգումները պայմանավորված են կողմերի միջև Սիրիայում առկա տարաձայնություններով և ընթացող զարգացումներով:
Ըստ էության, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայում հայտնվել են յուրօրինակ ծուղակում, որից դուրս գալու համար կողմերը դեռևս գործողության ծրագիր չունեն: Ավելին, եթե ռազմական գործողությունների ակտիվ փուլում կողմերը միակարծիք էին Սիրիայում տևական հրադադար հաստատելու հարցում, ապա այժմ, երբ այդ խնդիրը գրեթե լուծված է, հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի` իրարից միանգամայն տարբերվող մոտեցումները կարող են քաղաքական կարգավորման գործընթացը փակուղի մտցնել: