Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին: Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
«Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը և որոշման ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա։
Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման և կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա հնարավոր չէ ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։
2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։