2019թ. մարտի 31-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ:
Անդրադառնալով ընտրություններին՝ հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններ: Թուրքիայի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 52,6 տոկոսը: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Էրդողանին իր իշխանությունը Թուրքիայում պահպանել մինչև 2023թ.: Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացավ ընտրողնների 42,5 տոկոս վստահության քվեն՝ 600 հոգուց բաղկացած խոհրդարանում ձեռք բերելով 293 մանդատ:
ՏԻՄ ընտրությունների պաշտոնական գործընթացը մեկնարկել էր 2019թ. հունվարի 1-ին: Ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել տասներկու քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ – AKP), գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ ի դեմս Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ – CHP), Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ – MHP), նորաստեղծ «Լավ» կուսակցությունը (İyi Parti), Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ – HDP), Երջանկություն կուսակցությունը (ԵԿ – SP), Ձախ դեմոկրատական կուսակցությունը (ՁԴԿ – DSP) և այլն:
Համաձայն հարցումների՝ անցած տարվա ընտրություններից հետո նկատվում է Արդարություն և զարգացում կուսակցության հանդեպ վստահության զգալի անկում: Ըստ Եվրասիա հասարակական հետազոտման կենտրոնի, ԱԶԿ-ն զգալիորեն թուլացրել և շարունակում է թուլացնել հանրության հետ իր կապը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ կուսակցությունը շարունակի կորցնել իր ընտրողներին՝ ի օգուտ Ազգայնական շարժում կուսակցության և Հանրապետական ժողովրդական կուսակցության:
Հարցումների արդյունքները տես ստորև.
2018թ. նոյեմբեր «Մետրոպոլ» հետազոտական կենտրոն |
2019թ. հունվար «Optimar» գործակալության |
2019թ. հունվար Կենտրոնամետ «PI-AR» գործակալություն |
ԱԶԿ - 41% |
ԱԶԿ - 32.5 % |
ԱԶԿ - 30.2 % |
ՀԺԿ - 25% |
ՀԺԿ - 20 % |
ՀԺԿ - 22.3 % |
ԱՇԿ - 12% |
«Լավ» կուսակցություն - 5.5 % |
ԱՇԿ - 11.7 % |
ԺԴԿ - 10% |
ԱՇԿ - 5.4 % |
«Լավ» կուսակցություն - 10.4% |
«Լավ» կուսակցություն - 9% |
ԺԴԿ - 5.4 % |
ԺԴԿ - 9.5 % |
Սակայն պետք է հաշվի առնել, որ առավել ևս Թուրքիայի պես ոչ ժողովրդավար երկրներում հարցումների արդյունքները ոչ միշտ են համընկնում ընտրությունների վերջնական արդյունքների հետ: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ ընտրությունների ընթացքում կատարվող խախտումներն ու պետական ռեսուրսի չարաշահումները:
Հիշեցնենք, 2014թ. ընտրություններին ընդառաջ «Էքշիսյոզլուք» կայքում հրապարակված հարցումները ցույց էին տալիս, որ ԱԶԿ-ն կարող էր հավաքել մոտ 47 տոկոս ձայն, ՀԺԿ-ն՝ 34 տոկոս, իսկ ԱՇԿ-ն՝ մոտ 10%: Իսկ ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն հավաքել էր 45.60 տոկոս, ՀԺԿ-ն՝ 27.80 տոկոս, իսկ ԱՇԿ-ն՝ 15.20% ձայներ:
Սակայն հաշվի առնելով Թուրքիայում նկատվող ժողովրդավարության զգալի հետընթացը, կարելի է ակնկալել, որ 2019թ. ՏԻՄ ընտրությունների տարբերությունը 2014թ-ի համեմատ բավական տարբերվող կլինի:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը համարվում են Թուրքիայի ամենախոշոր քաղաքները և այս քաղաքներում հաղթանակելը նույնպես զգալի ազդեցություն կունենան ՏԻՄ ընտրություններում:
Բացի այդ, մեծ քաղաքներից հեռու բնակվող Թուրքիայի բնակչությունը նույնպես կարևոր դեր է խաղում ընտրություններում՝ հիմնականում ի օգուտ գործող իշխանությունների: Դա պայմանավորված է նաև նրանց պահպանողական հայացքներով: Հաշվի առնելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն իրեն համարում է չափավոր իսլամի և չափավոր պահպանողականության հետևորդ, նա մեծ շանսեր ունի այդ տարածքներում վաստակելու մեծ թվով վստահության քվե և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում:
Չնայած առկա կանխատեսումներին և ԱԶԿ քաղաքական թիմի ցածր ցուցանիշներին՝ Էրդողանը ջանք չի խնայի իր համար ցանկալի արդյունքներին հասնելու համար և չի բացառվում, որ կկարողանա պահպանել իր դիրքերը՝ հատկապես հենվելով ծայրամասերի և Թուրքիայի խոշոր քաղաքներից հեռու բնակվող բնակչության քվեի վրա: