Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում:
Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունը երկրի առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:
Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներն են՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը և արտադրության աճը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հանդես է եկել հեռուստատեսությամբ և հայտարարել. «Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցների ու նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում է»:
Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին և ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա»