Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգումը հնարավոր է, սակայն որոշակի պայմանների դեպքում:
«Կարծում եմ` Brexit-ի ժամկետի կարճաժամկետ հետաձգում հնարավոր է, եթե Համայնքների պալատը հավանություն տա գործարքին, իսկ մինչ այդ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման հարցը մնում է բաց»,- Euronews-ի փոխանցմամբ` հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիային լքել Եվրամիությունը մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կայանալու են 2019-ի մայիսին:
Իր կարճ ուղերձում Դոնալդ Տուսկը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Brexit-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթաժողով անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Հիշեցնենք, երեկ՝ մարտի 20-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել էր Եվրամությանը հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև այս տարվա հունիսի 30: