Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՏԻՄ և նախագահի ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես փոխանցում է արցախի ԱԺ մամուլի ծառայությունը, հայտարարությունում մասնավորապես ասվում է.
1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:
Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:
Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝
պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,
կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից»: