Այսօր ամբողջ աշխարհում քրդերը նշում են Նոր տարին՝ Նավրոզը: Ավանդաբար այս տոնը նրանց համար եղել է պայքարի տոն՝ հանուն իրենց ժողովրդի ազատության և անկախության:
Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի հետ:
- Պարոն Հասանով, կպատմե՞ք մի փոքր Նավրոզի մասին:
- Նավրուզը քուրդ ժողովրդի հնագույն տոներից մեկն է, որը գալիս է դեռևս հեթանոսական շրջանից: Այդ օրը քրդական բոլոր բնակավայրերում` քաղաքներում, գյուղերում, խարույկ են վառում, շուրջբոլորը երգում ու պարում:
Հետագայում, երբ սկսեց քրդական ազգային ազատագրական պայքարը Աբդուլա Օջալանի գլխավորությամբ, այս տոնը վերաիմաստավորվեց, վերաձևավորվեց և դարձավ քուրդ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ:
Եվ այսպես, այսօր աշխարհով մեկ քրդերը տոնում են այդ տոնը: Թուրքիայում 25 միլիոն քուրդ տոնում է Նավրոզը: Այդ օրը նրանք հեղափոխական ոգով են դուրս գալիս, խարույկ վառում, միտինգներ են անում և այլն: Անցյալ տարի Դիարբեքիր քաղաքում 1 միլիոն 200 հազար ժողովուրդ էր հավաքվել և մեծ ցնծությամբ տոնում էր իր ազգային տոնը: Ի պատասխան` թուրքական իշխանությունները չեն թույլատրում, որ Թուրքիայում Նավրոզն անցկացվի: Սակայն քուրդ ժողովուրդը չի վախենում ոչ մի արգելանքից, միշտ նշում է իր ազգային տոնը:
Այսօր Հայաստանի քրդական համայնքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել: Անձամբ իմ, քրդական համայնքի, քուրդ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հանրապետության վարչապետին` համայնքը բարձր գնահատելու և բարեմաղթանքներ հղելու համար:
- Ինչու՞ հենց մարտի 21-ին: Ի՞նչ խորհուրդ է պարունակում:
- «Նավրոզ» քրդերեն նշանակում է «նոր օր»: Ըստ արեգակնային օրացույցի՝ դա գարնան առաջին օրն է: Բնությունն արթնանում է և սկսում նոր կյանք: Գարնան սկիզբը խորհրդանշում է վերածնունդ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, եթե հաշվի առնենք, թե ուր են հասնում Նավրոզ տոնի արմատները:
Նշեմ, որ մարտի 21-ից է սկսում Նավոզի տոնումը և տևում է մինչև ապրիլ ամսվա սկիզբ:
Ի դեպ մարտի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պատրաստվում ենք մեծ շուքով նշել մեր տոնը: Հայաստանի տարբեր քրդաբնակ մարզերից մեզ կմիանան մեր համայնքի ներկայացուցիչները, որպեսզի մասնակցեն տոնական միջոցառմանը:
-Ի՞նչ կմաղթեք ձեր համայնքին:
- Ամբողջ քուրդ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ երջանկություն, առողջություն, համերաշխություն: Թող խաղաղությունը թևածի բոլորի ընտանիքներում:
Որպես ՀՀ քաղաքացի` ես և մեր համայնքը շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդին, որ միշտ հիշում ու շնորհավորում են: ՀՀ-ին և հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն: Ցանկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծում ստանա բացառապես խաղաղ ճանապարհով և մենք բոլորս միասին ապրենք խաղաղ ու երջանիկ:
Շնորհակալություն եմ հայտնում նաև հայկական լրատվամիջոցներին և մասնավորապես «Արմեդիա ՏՎԳ»-ին հարցազրույցի ու տոնի լուսաբանման համար:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը