Քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը: Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը
«Այն փաստը, որ 1988 թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը Բաքվի վերահսկողության տակ էին, ցույց է տալիս, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն, չնայած այն իրողությանը, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ հակամարտությունը գոյություն ուներ: Հետևաբար, անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորմանը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման առաջարկություններն ուղղակիորեն անդրադառնում են անվտանգության հարցին, ինչն Արցախի համար Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» մեկն է:
Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհ է, ինչը վտանգի տակ կդնի բուն բնակչության գոյությունն իսկ իր պատմական հայրենիքում: Այլ կերպ ասած, մեզ համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն։ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Սյունիքի մարզը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը: Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չդյուրացնենք նրա ճանապարհը դեպի իր ռազմավարական նպատակը։ Ընդհակառակը, պետք է շարունակել անհրաժեշտ ռազմական և քաղաքական-դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ զսպելու հարևան երկրի իշխանությունների ագրեսիվ և զավթողական նկրտումները:
Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են անցյալին վերադարձի անհնարինության և անթույլատրելիության մասին՝ թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքների հարցում:
Բացի այդ, 2009 թ. հուլիսի 15-ին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մոտեցումների հրապարակումից հետո, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնման, բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպման անհրաժեշտության մասին։ Արցախի Հանրապետության այս դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Հարկ է նաև նշել, որ Արցախի ԱԳՆ վերոնշյալ հայտարարության մեջ ընգծված էր, որ Արցախն անցյալին վերադարձնելու փորձերը ոչ միայն անարդյունավետ են, այլև հղի են հակամարտության նոր սրացմամբ», - նշել է Մայիլյանը։