Վենեսուելայում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը հանգեցրել է հումանիտար խորը ճգնաժամի: Երկրում լույսի, ջրի, գազի մատակարարման խաթարումներից զատ, պարենային և դեղորայքի դեֆիցիտ է առաջացել: Երեխաները հասարակական տրանսպորտի կոլապսի պատճառով չեն կարողանում դպրոց հաճախել: Անելանելի դրության մեջ են հայտնվել նաև հիվանդանոցները, որտեղ մահացության թիվն աստիճանաբար ավելի է մեծանում:
Բազմաթիվ վենեսուելացիներ լքում են երկիրը, սակայն տրոնսպորտի` կաթվածահար լինելու պատճառով նպատակակետին հասնելու համար նրանք ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանը հատելիս:
Ճգնաժամի կորստաբեր հետևանքներից անմասն չեն մնացել նաև այդ երկրում ապրող մեր հայրենակիցները: Վենեսուելայից ստացված տեղեկատվության համաձայն` համայնքային կենտրոնը ներկայումս լքված վիճակում է հայտնվել: Նրանք մյուսների նման կանգնած են բավականին լուրջ սոցիալական խնդիրների առջև: Չնայած նրան, որ համայնքի անդամներից շատերը շահագրգռված են ստանալու Հայաստանի քաղաքացիություն, սակայն ո´չ Կարակասում կա հայկական դիվանագիտական ներկայացուցչություն, ո´չ էլ համայնքի անդամներն են կարողանում քաղաքացիություն ստանալու համար Արգենտինա կամ Բրազիլիա մեկնել: Ներկայումս նույնիսկ վենեսուելական անձնագրերի վավերականության ժամկետի երկարաձգումն է բարդ գործընթաց դարձել:
Ստեղծված այս իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ օրերս Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով:
Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի հնարավոր բոլոր խողովակներով հայ համայնքին աջակցելը: ՀՀ-ն պետք է էլ ավելի հետևողական լինի ակտիվացնելու կապերը Վենեսուելայի մեր հայրենակցիների հետ` նրանց անվտանգային խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հնարավորության շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: