Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կլիմայի և առևտրի վերաբերյալ բանակցություններ կանցկացնի, գրում է NEWS.am-ը:
Առաջնորդներին կմիանա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը կփորձի «մերձեցման կետեր գտնել Եվրոպայի և Չինաստնաի միջև», հաղորդում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը: Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին: Հանդիպումը հնարավորություն կտա բացատրել Չինաստանին Եվրոպայի ռազմավարությունը:
«Մենք կարծում էինք, որ դա անհրաժեշտ է, քանի որ բազմակողմանիության պաշտպանության համար բանավեճը պետք է եվրոպական, այլ ոչ թե ֆրանսիական մակարդակի տեղափոխվի», - նշել են վարչակազմում:
Հանդիպումը կկայանա ԵՄ-Չինաստան գագաթաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է ապրիլի 9-ին Բրյուսելում:
ԵՄ-ն տարակարծիք է Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում. ոմանք վախենում են համաշխարհային գերտերության հզորացումից, իսկ մյուսները՝ հատկապես Եվրոպայի հարավում, պատրաստ են գործարքներ կնքել չինական ներդրումների ներգրավվման նպատակով:
Սպասվում է, որ իր ուղևորության ընթացքում Սի Ցզինպինը Իտալիայի հետ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու մասին հուշագիր կստորագրի:
Հունաստանը և Լեհաստանը նույնպես միացել են նախաձեռնությանը, սակայն ԵՄ մյուս անդամները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել մայրցամաքի քաղաքականության վրա Պեկինի ազդեցության ուժեղացմանը:
Տվյալ չինական նախաձեռնության էությունը կայանում է միջազգային համագործակցության ձևավորման և զարգացման նոր մոդելի որոնման մեջ՝ առկա տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ մեխանիզմների և Չինաստանի մասնակցությամբ փոխգործակցության կառույցների ամրապնդման միջոցով: