Գոլանի իսրայելական օկուպացիան միջազգային հանրության կողմից չի ճանաչվում, և մշտապես Իսրայելին կոչ է արվում այդ տարածքները վերադարձնել Սիրիայի վերահսկողությանը: Այժմ էլ, արձագանքելով Թրամփի գրառմանը, միջազգային հանրությունը վերահստատում է իր այդ դիրքորոշումը, սակայն դա դժվար թե առանձնակի ազդեցություն ունենա Թրամփի որոշման վրա: Հիշեցնենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը ևս բացասաբար ընդունվեց միջազգային հանրության կողմից, սակայն դա չխանգարեց, որ ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ:
Թրամփի այս գրառումն, իհարկե, հրաշալի նվեր է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապրիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սակայն այն միայն Իսրայելի ներքին լսարանին չի ուղղված: Սիրիայում այս պահին առկա ուժային դասավորվածությունը որևէ կերպ չի կարող գոհացնել Վաշինգտոնին, իսկ վերադասավորումների համար անհրաժեշտ է համապատասխան հող նախապատրաստել: Գոլանի բարձունքները որպես իսրայելական տարածք ճանաչելը կարող է լարվածության նոր ալիք բարձրացնել մերձավորարևելյան տարածաշրջանում` հանգեցնելով բախումների առնվազն Սիրիայի և Իսրայելի միջև (Թրամփի գրառմանը բավականին կոշտ են արձագանքել նաև Թուրքիան ու Իրանը): Այս համատեքստում հետաքրքրական է, որ օրերս Թրամփը հայտնեց Սիրիայում 400 ամերիկացի զինվորական թողնելու մտադրության մասին` չնայած մինչ այդ հայտարարվում էր Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին:
Ընդ որում, Գոլանի բարձունքներն` իսրայելական ճանաչելու Թրամփի որոշումը կարող է խառնաշփոթ առաջացնել ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև միջազգային իրավունքի համատեքստում: Սիրիայի օկուպացված տարածքների ճանաչումը` որպես իսրայելական, փորձ կարվի շահարկել որպես նախադեպ միջազգային հարաբերություններում: