ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ արդեն ժամանակն է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, տարածաշրջանը նոր ճգնաժամի առջև է կանգնեցնում: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նստաշրջանում, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք թույլ չի տա Գոլանի բարձունքներ Իսրայելի ներխուժման լեգիտիմացումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի հետո եկել է ժամանակը ճանաչելու Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ»։
«Դա չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»,- գրել է Թրամփը թվիթերում:
Նշենք, որ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արևելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։