Այս շաբաթ օրը Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, որտեղ կրկին անցկացվելու են «դեղին բաճկոն»-ների ցույցեր, ոստիկանների հետ միասին կարգուկանոնի պահպանմանը կմասնակցի նաև բանակը: Այս որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ` մարտի 16-ին, Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո: Բացի այդ, իշխանություններն արգելել են նաև զանգվածային հավաքները, մասնավորապես, Բորդոյում և Նիցցայում: Այս մասին փոխանցում է Euronews-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է կայացրել 2015 թվականի ահաբեկչական ակտերից հետո մտցված արտակարգ դրությունից հետո առաջին անգամ փողոցներ դուրս բերել զինվորական պարեկախմբեր:
«Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` թույլ չտալու համար ցույցերի անցկացում մի շարք քաղաքներում: Այս շաբաթ ցույցերի համար փակ կլինեն արդեն շատ բան տեսած Ելիսեյան դաշտերը և քաղաքի այլ մասերը, որոնք վնասներ են կրել այս ճգնաժամի արդյունքում», - նշել է Մակրոնը: