ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մեղրիի զորամասում ապստամբության մասին հրապարակումներին։
«Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են», - նշել է Ա.Հովհաննիսյանը։
Նա գրել է նաև, որ ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող:
Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ այդ զորամասում մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, հայտնում է «Այսօր»-ը։
«Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության», - գրել է նա։