Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմադրի առաջնորդ, իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյին և ԱՄՆ-ին մեղադրել է իր սպանությունը ծրագրելու համար: Այս մասին հաղորդում է France 24-ը:
«Ամերիկյան իմպերիալիզմը ցանկանում է սպանել ինձ: Մենք քիչ առաջ բացահայտել ենք իմ սպանության ծրագիրը, որը ղեկավարել է անձամբ այդ սատանայական խամաճիկի կողմից: Մենք ապացույցներ ունենք, սակայն նրանց չհաջողվեց և չի էլ հաջողվի մեր դեմ ոչինչ անել, քանի որ մեր Աստվածը պաշտպանում է մեզ»,- հայտարարել է նախագահը տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վարձու մարդասպաններին հովանավորելու նպատակով ցանկացել են օգտագործել Վենեսուելայի սառեցված հաշիվները: Մադուրոն ակնարկել է նաև դավադրությանը հարևան Կոլումբիայի մասնակցության մասին՝ ասելով, որ կոլումբիացի խորհրդարանական պաշտոնյա է ձերբակալվել, որն այժմ «վկայություն է տալիս»:
Մադուրոյի կառավարության անդամները հեռուստատեսությամբ մանրամասներ են ներկայացրել «դավադրության» վերաբերյալ, իսկ երկրի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մեղադրել է Գուաիդոյի աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարրերոյին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվելու և ենթադրյալ դավադրության հիմնական կազմակերպիչներից մեկը լինելու համար:
Ավելի վաղ 49-ամյա Մարրերոն երկրում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել էր, որից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը և լատինամերիկյան մի շարք երկրներ պահանջել էին նրան անհապաղ ազատ արձակումը: