Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին հայտնել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարևանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»,- պատասխանել է Էրդողանը։
Ներկայում թանգարանի մուտքը 60 թուրքական լիրա (10 դոլար) արժե։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձանն է։ Այն կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս կայսր կարգադրությամբ: