ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու մտադրությունը երկակի չափանիշների քաղաքականություն չէ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում, փոխանցում է CBS News-ը:
«Դուք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ եք սահմանել Ղրիմի բռնազավթման համար: Այժմ դուք պատրաստվում եք ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն Գոլանի բարձունքների նկատմամբ: Դա երկակի չափանիշների քաղաքականություն չէ՞», - հարցրել է Sky News-ի լրագրողը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչումն է, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոն նաև հայտարարել է, որ Թրամփի որոշումը կընդլայնի տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները: