ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես եկավ ելույթով:
Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորեց ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:
Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում: