Բրիտանացի խորհրդարանականները մերժեցին Brexit-ի բոլոր 8 այլընտրանքային տարբերակները, այդ թվում «կոշտ Brexit»-ն ապրիլի 12-ին, ԵՄ-ից դուրս գալու հարցի շուրջ երկրորդ հանրաքվեի գաղափարը, ԵՄ-ի հետ մեկ միասնական տնտեսական տարածքի մասին նոր համաձայնագիր կնքելու և Brexit-ից ընդհանրապես հրաժարվելու առաջարկները:
Բոլոր այլընտրանքային տարբերակների դիտարկման արդյունքում Համայնքների պալատը 441 կողմ, 105 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց Brexit-ի ժամկետի հետաձգման օգտին, համաձայն որի Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից պետք է կայանա մայիսի 22-ին, եթե մինչ մարտի վերջ խորհրդարանը քվեարկի Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքի օգտին: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 27-ին, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը դեբատների և քվեարկությունների շարք էր անցկացնում Brexit-ի փակուղուց դուրս գալուն միտված առաջարկների շուրջ, սակայն տարբեր խորհրդարանականների կողմից ներկայացված 8 տարբերակներից և ոչ մեկը չարժանացավ մեծամասնության հավանությանը: