Հրապարակվել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական հետքի մասին ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության թեզերը. ռուսական հետքի առկայությունը չի ապացուցվել: Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
- Պարո´ն Սարգսյան, ինչպե՞ս է «ռուսական գործով» հետաքննությունը և դրա արդյունքներն ազդել աշխարհում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հեղինակության վրա:
- Այստեղ չեմ կարող ասել, որ հեղինակության խնդիր կա: ԱՄՆ ներքաղաքական գործընթաց էր, և գործընթացն ուղղված էր ապացուցելու կամ հերքելու այն կասկածները, որ Միացյալ Նահանգների նախագահը նախընտրական փուլում ուղիղ շփումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ինչ-ինչ պաշտոնյաների կամ հատուկ ծառայությունների, լոբբիստների կամ այլ անձանց հետ: Եվ հաշվի առնելով դրա կարևորությունը Միացյալ Նահանգների ժողովրդի համար, ինչպես նաև ԱՄՆ գործող նախագահի քաղաքական հակառակորդների մոտեցումները` որոշում էր կայացվել, որպեսզի առանձին հետաքննող նշանակվի: Մյուլլերը նշանակվել էր որպես հատուկ դատախազ: Նա իր թիմի հետ հետաքննություն է անցկացրել հազարավոր փաստաթղթեր է ուսումնասիրել, հարյուրավոր մարդկանց հետ է հանդիպել, հարցաքննել: Ի վերջո, եկել են եզրակացության, որ Թրամփի նախընտրական թիմի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն, ռուսական կողմից ներգրավվածություն, ազդեցություն գործընթացներում չի եղել:
- Կարելի՞ է արդյոք համարել, որ այս գործընթացը Թրամփին կաշկանդում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ կարելի՞ է ակնկալել դրական տեղաշարժեր ռուս-ամերիկյան հարաբերություններում:
- Այս հետաքննությունը չափազանց կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգի տեսանկյունից, այլև ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: Կարծում եմ, Մյուլլերի զեկույցը հիմք ընդունելով և դրանից ելնելով, Միացյալ Նահանգների վարչակազմը Ռուսաստանի հետ կփորձի հարաբերություններ կարգավորել մի քանի ուղղություններով: Ինչևէ, սպասենք մի քանի օր էլ, քանի որ ներքաղաքական վիճակը բավականին լարված է. դեմոկրատները, Թրամփի քաղաքական հակառակորդները պարտադրում են, որպեսզի այս հետաքննության արդյունքներն ամբողջությամբ հրապարակվեն, ոչ թե ընդամենը մի քանի էջ: Այնպես որ, սպասենք զարգացումներին: