2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու մասին հռչակագիր ստորագրեց, ինչը մեծ իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում: Այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում Գոլանի բարձունքների հիմնախնդիրը:
Գոլանի բարձունքները ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա գտնվող 1800 քառ, կմ տարածք ունեցող լեռնային սարահարթ է, գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում: Հրվանդանի հարավում Յարմուք գետն է, արևմուտքում` Տիվերիդյան լիճը և Հուլայի հովիտը, հյուսիսում` Արևելյան Լիբանանի լեռնաշղթան Հերմոն լեռով, իսկ արևելքում` Ռաքքադի վադին:
Իսրայելը Սիրիայից Գոլանի բարձունքները գրավել է 1967 թվականին արաբա-իսրայելական Վեցօրյա պատերազմի ժամանակ: Պատերազմական գործողությունների և իսրայելական օկուպացիայի արդյունքում Գոլանի բարձունքները լքել է ավելի քան 100 հազար սիրիացի: Հետագայում իսրայելական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տվել սիրիացիների վերադարձն իրենց տներ: Գոլանում պատերազմից հետո մնացել է 7 հազար սիրիացի (հիմնականում դրուզներ), որոնք ապրում են 4 գյուղերում: 1973 թավականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ բարձունքները վերադարձնելու Սիրիայի փորձերը ձախողվեցին (իսրայելական օկուպացիայի տակ է գտնվում Գոլանի բարձունքների 70 տոկոսը):
1974 թվականին ԱՄՆ ջանքերով Սիրիայի և Իսրայելի միջև ստորագրվեց անջատման համաձայնագիր, որով Գոլանի բարձունքները ճանաչվեցին ապառազմականացված բուֆերային գոտի ՄԱԿ-ի կառավարման ներքո, Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (նրանք հեռացան 2014 թվականին Սիրիական հակամարտության ժամանակ իսլամիստների հետ հաճախակի դարձած բախումների պատճառով): Ավելի ուշ` 1975 թվականին, ըստ համաձայնագրի` Իսրայելը Սիրիայի վերադարձրեց Գոլանում իր վերահսկողության տակ գտնվող սիրիական Կունեյտրա քաղաքը (օկուպացված տարածքի 5 տոկոսը), որը ևս ապառազմականացված գոտի է համարվում:
1981 թվականին Իսրայելի Կնեսեթն օրենք ընդունեց Գոլանում իսրայելական օրենսդրությունը տարածելու մասին, ինչը սիրիական տարածքի փաստացի օկուպացիա էր նշանակում: Իսրայելի այս որոշումը միջազգային հանրության կողմից չընդունվեց: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 497 որոշումը` Իսրայելից պահանջելով չեղարկել այդ օրենքը: Սակայն Իսրայելը չկատարեց միջազգային հանրության պահանջը:
1999-2000 թվականներին ԱՄՆ հովանու ներքո Սիրիայի և Իսրայելի միջև կայացած բանակցությունների ժամանակ Իսրայելին առաջարկվել է Գոլանը վերադարձնել Սիրիային` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, սակայն այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Նշենք, որ 1973 թվականի պատերազմից հետո Սիրիան երբևէ չի փորձել Գոլանը վերադարձնել ռազմական ճանապարհով:
Գոլանը գրավելուց հետո Իսրայելը սկսել է և´ դեմոգրաֆիկ, և´ տնտեսական առումով այն ինտեգրել հրեական պետությանը: Նշենք, որ Գոլանի բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև տնտեսության: Գոլանը հարուստ է ջրային պաշարներով, ինչը էականորեն մեծացնում է վերջինիս արժեքը ջրային ռեսուրսներից սակավ այս տարածաշրջանում:
Այսօր Գոլանի բարձունքը համարվում է Իսրայելի տնտեսապես ամենաբարեկեցիկ շրջաններից մեկը. այստեղ գործազրկության մակարդակը ձգտում է զրոյի: Գոլանում է արտադրվում իսրայելական հանքային ջրի 50%-ը, այստեղ է տեղակայված գինու արտադրության մեկ քառորդը, այդ թվում՝ արտահանվող գինու 40%-ը: Մեղմ եղանակային պայմաններն ու պատմամշակութային հուշարձանների առկայությունն ապահովում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Տարեկան կտրվածքով Գոլան այցելում է մոտ 2,1մլն զբոսաշրջիկ: Ընդ որում, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում էսկալացիաները, որպես կանոն, չեն ազդում դեպի Գոլան զբոսաշրջիկների հոսքի վրա:
2010 թվականի դրությամբ Գոլանում 32 հրեական բնակավայրերում ապրում էր 20 հազար իսրայելցի. Գոլանում ապրող դրուզները հիմնականում պահպանում են սիրիական քաղաքացիությունը: