Թուրք սյունակագիր Մեհմեդ Յըլմազը T24 կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ իշխանություններին քննադատող հայտարարություններին, որոնք վերաբերում են Գոլանի բարձունքների շուրջ ծագած ճգնաժամին: Այս իրադարձությունների ֆոնին Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հայտարարությունը թուրք սյունակագրի բնորոշմամբ, փաստում է, որ Թուրքիայի ղեկավարի «գլուխը խառն է»:
Tert.am-ը ներկայացնում է Յըլմազի հոդվածը՝ որոշակի կրճատումներով.
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ բարկացավ օկուպացված Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչող փաստաթուղթը ստորագրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Ասաց՝ «Մեզնից պատասխանը կստանաք»:
Ասաց, որ թույլ չի տա դիպչեն Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչպես է դա անելու, մեծ ոգևորությամբ ընթերցեցի նրա ելույթը: Ասվում էր, թե Սուրբ Սոֆիայի տաճարի մուտքը կարող են անվճար դարձնել, այն կարող են նորից մզկիթ դարձնել…
Անգամ ասում է՝ «Ընտրություններից հետո Սուրբ Սոֆիան կվերադարձնենք իր սկզբնական կարգավիճակին»:
Բայց Սուրբ Սոֆիան իր սկզբնական վիճակին վերադարձնելը նշանակում է դարձնել այն եկեղեցի, ինչը, ասեմ, ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմի համար ձայների լուրջ կորստի պատճառ կդառնա:
Ստիպված եմ ցավով արձանագրել, որ նախագահի գլուխը լավ խառն է: Գուցե շատ է հոգնած, որ մի քիչ հանգստանա, մեզ համար էլ, իր համար էլ լավ կլինի:
Թուրքիայի ինքնիշխանությունը, Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչող հռչակագիրը, պարոն Յըլդըրըմի՝ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի… Այս ամենի միջև նրա գտած կապը ստիպում է մտածել, որ նախագահն իսկապես հոգնած է»: