537 թվականին կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարն ի սկզբանե եղել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Այնուհետև, թուրքերը, գրավելով Բյուզանդիայի մայրքաղաքը, այս տաճարը դարձրել են մզկիթ: Ներկայումս Սուրբ Սոֆիան հանդիսանում է թանգարան: Համարվում է բյուզանդական «ոսկե դարի» խորհրդանիշ:
Սուրբ Սոֆիայի տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»:
1054-ին, երբ քաղկեդոնական դավանանքի եկեղեցին բաժանվեց երկու մասի` կաթոլիկների և ուղղափառների, Այա Սոֆիան դարձավ ուղղափառության կենտրոնը և այդպիսին է մինչ այսօր։
Մի քանի անգամ երկրաշարժերից վնասվելով, տաճարը նորից է վերականգնվել, իսկ երբ 1204-ին խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը, տաճարը լիովին թալանեցին «քրիստոնյա» դավանակիցները։
1453-ի մայիսի 30-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ու հենց հաջորդ օրն այդ սքանչելի տաճարը վերածվեց օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը, որից հետո այն փակ է մնացել 4 տարի: 1935-ին, համաձայն Թուրքիայի կառավարության դեկրետի, որը ստորագրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը, տաճարը դարձել է թանգարան, իսկ որմնանկարներից և խճանկարներից մաքրվել է դրա ծեփածածկը։ 1985-ին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ միասին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու առաջարկությամբ: Նրա խոսքերով, «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, ըստ որումՙ բոլոր դավանանքների մարդիկ կկարողանան անվճար մուտք գործել այնտեղ»: Առաջին անգամը չէ, որ Էրդողանը հանդես է գալիս այդ նախաձեռնությամբ: Վերջին անգամ նա այդ քայլին դիմել էր 2016 թ. հունիսի սկզբներին, երբ Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս անգամ կարգավիճակի փոփոխությունը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու որոշման հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը վերանվանելու ու մզկիթի վերածելու մասին հայտարարությունները: Նրանք նշում են, որ ցանկացած նման քայլ պետք է համաձայնեցվի կառույցի հետ ու դրվի ընդհանուր քվեարկության: