ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպեցին Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։
Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ:
Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:
Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», - ասվում է հայտարարության մեջ: