Մեծ Բրիտանիայում չեն դադարում քննարկումները Եվրամիությունից դուրս գալու հարցի շուրջ: Մարտի 29-ին Բրիտանիայի խորհդարանը 344 դեմ, 286 կողմ ձայների հարաբերակցությամբ երրորդ անգամ մերժեց Բրեքսիթի գործարքը՝ մեծացնելով «կոշտ բրեքսիթի» հնարավորությունը: Վերջինս իրենից ներկայացնում է առանց ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման կառույցից դուրս գալու գործընթաց:
Բրիտանական խորհրդարանի կողմից հերթական անգամ բրեքսիթի գործարքի տապալումը ուղղակի հարված է վարչապետ Թերեզա Մեյին, ով, փաստորեն, չկարողացավ լուծել իր գլխավոր խնդիրը՝ համոզել խորհրդարանին: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ խորհրդարանը ոչ միայն չի պատրաստվում «զիջել» կառավարությանը, այլև փորձում է ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի կառավարումը ամբողջությամբ վերցնել իր ձեռքը: Ասվածի վկայությունն է խորհրդարանի՝ մարտի 25-ի որոշումը՝ քվեարկությունների շարք անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի այլընտրանքային տարբերակների վերաբերյալ: Այս քվեարկությունը չէր ենթադրում, որ առավելագույն ձայներ ստացած տարբերակը պիտի պարտադրվեր կառավարությանը, պարզապես, խորհրդարանականների համոզմամբ, դա հնարավորություն կտար կառավարությանը տեսնել, թե որ ուղղվածությամբ գործարքը կստանա խորհդարանի հավանությունը:
Մեյի գլխավորած կառավարությունը խիստ բացասական գնահատական տվեց խորհրդարանի այս նախաձեռնությանը: ԵՄ-ից դուրս գալու հարցերով հատուկ նախարարությունը այն որակեց՝ որպես «վտանգավոր նախադեպ», որը սպառնում է խախտել ԵՄ ժողովրդավարական ինստիտուտների միջև բալանսը:
Ստեղծված, առաջին հայացքից անելանելի, իրավիճակում Մեյին մնում է կա՛մ հրաժարակ տալ, կա՛մ ցրել խորհրդարանը և ընտրություններով նոր խորհրդարան (Համայնքների պալատ) ձևավորել: Խորհրդարանական ուրույն մշակույթ ունեցող Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնը զբաղեցնողները խորհրդարանը լուծարելու տարբերակին բավական հաճախ են դիմել՝ ընտրելով այնպիսի ժամանակաշրջան, երբ իրենց կուսակցությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել և ունեցել է ավելի շատ ձայներ ստանալու հնարավորություն: Այս տարբերակը կիրառելի է նաև այն ժամանակ, երբ Համայնքների պալատը անվստահություն է հայտնում վարչապետին, կամ հրաժարվում է հաստատել բյուջեն կամ ընդունել կառավարության ծրագրի հատուկ կարևորություն ներկայացնող որևէ մաս: Վերջինս պատմության ընթացքում գրանցվել է շատ քիչ դեպքերում՝ երկու անգամ 1924-ին և մեկ անգամ 1979-ին:
Այսօր մեծ է հավանականությունը, որ հենց այս ճանապարհով վարչապետ Մեյը ձեռնամուխ կլինի նոր խորհրդարանի ձևավորմանը: Միաժամանակ, շատ կարևոր է փաստել, որ անգամ նման սցենարի դեպքում, միանշանակ չէ, կամ առնվազն չկա միանշանակ վստահություն, որ Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցությունը ստեղծված իրավիճակում կհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ: Վարչապետ Մեյի համար ռիսկի գործոնն այս ամենում չափազանց մեծ է: