Վենեսուելայի ճգնաժամի ֆոնին Հարավային Ամերիկայում նոր քաղաքական դաշինք է ստեղծվել՝ Հարավային Ամերիկայի առաջընթացի ֆորում (PROSUR) անվանմամբ: Նոր դաշինքի ստեղծման նախաձեռնողներն են Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն: Նոր դաշինքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կապերը և նպաստել երկրների միջև երկխոսության ձևավորմանը:
Դաշինքի մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Չիլին, Էկվադորը, Պարագվայը և Պերուն: Երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը ստորագրվել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացած հանդիպման ժամանակ:
Հռչակագրի հիմնական վեց կետերն են.
PROSUR-ն «առանց գաղափարախոսությունների և առանց բյուրոկրատիայի» դաշինք է, սակայն ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ ունի լիակատար հանձնառություն: Դաշինքը հնարավորություն կտա Հարավային Ամերիկայի երկրներին միասին աշխատելու, երկխոսելու և համագործակցելու նոր ուղիներ գտնել, ինչը կնպաստի ժողովուրդների ինտեգրմանը և զարգացմանը:
Նշվում է, որ Հարավային Ամերիկայի առաջընթացի ֆորումը ստեղծվել է ի հակակշիռ Ազգերի հարավամերիկյան միությանը (UNASUR), որը չի կարողացել լուծել իր առջև դրված Վենեսուելական ճգնաժամի խնդիրը։ UNASUR-ը ստեղծվել է 2008 թ. Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ: Այն իսկզբանե բաղկացած է եղել ձախ քաղաքական հոսանքներին հարող Հարավային Ամերիկայի 12 երկրներից, սակայն 2018թ.-ի ապրիլին հինգ երկրներ (Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պերուն և Պարագվայը) հայտարարեցին դաշինքից դուրս գալու մասին: UNASUR- ը ստեղծվել է որպես Հարավային Ամերիկայի երկրների համար փոխըմբռնման հարթակ, որտեղ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը նվազագույնի են հասցվում և որոշումները կայացվում են Հարավային Ամերիկայի երկրների շահերի հիման վրա:
Նշենք, որ համաժողովին հրավիրված չի եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխարենը հրավիրված է եղել Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն: Վերջինս PROSUR-ի բոլոր անդամ պետությունների կողմից ճանաչված է որպես Վենեսուելայի լեգիտիմ ղեկավար: Չնայած նրան, որ Գուաիդոն ողջունել է նոր հարթակի ստեղծումը՝ նա հրաժարվել է ներկա գտնվել ֆորումին:
Դաշինքին չեն միացել նաև Բոլիվիան և Ուրուգվայը: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը (Մադուրոյի մոտ դաշնակիցը) և Ուրուգվայի նախագահ Տաբաե Վազքեզը ներկա չեն եղել համաժողովին (վերջինիս քննադատել է նոր ստեղծվող դաշինքի գաղափարը` կասկածի տակ առնելով դրա արդյունավետությունը):
Չնայած նրան, որ նոր դաշինքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կապերը` Մադուրոյի դաշնակիցների կարծիքով այն ստեղծվել է վերջինիս վրա ճնշումներ գործադրելու և նրա իշխանությունը հնարավորինս արագ տապալելու նպատակով: