Մի քանի շաբաթ տեւած բողոքի զանգվածային ցույցերից հետո Ալժիրի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան նշանակել է անցումային կառավարություն: NEWS.am-ի հաղորդմամաբ, կառավարությունը կղեկավարի Նուրեդին Բեդուին, որը նախկինում զբաղեցրել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնը:
Գործակալության տեղեկություններով՝ ՄԱԿ-ում նախկին հատուկ դեսպանորդ Սաբրի Բուկադումը նշանակված է ԱԳ նախարար: Բուկադումի նախորդը՝ Ռամտան Լամամրան, այս պոշտոնը զբաղեցել է մեկ ամսից քիչ:
Կառավարությունում պաշտոնը պահպանում է Ալժիրի պաշտպանության փոխնախարար Ահմեդ Գաիդ Սալեհը, որը մարտի 26-ին պահանջել էր պետության 82-ամյա ղեկավարի հրաժարականը: Գեներալ-լեյտենանտը հայտարարել էր, որ եկել է Ալժիրի սահմանադրության 102-րդ հոդվածի գործելու ժամանակը:
Հիմնական օրենքի այս կետը երկրի սահմանադրական խորհրդին թույլ է տալիս նախագահի պաշտոնը թափուր համարել, եթե պետության ղեկավարը ունակ չէ կատարելու իր պարտականությունները: Հաջորդ օրը նույնպիսի պահանջով էր հանդես եկել Ալժիրի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Ույահյան:
Մի քանի շաբաթ է՝ հյուսիսաֆրիկյան երկրում շարունակվում են 2011 թվականին «արաբական գարնան» ժամանակներից ի վեր խոշորագույն ցույցեր: Ցուցարարները սկզբում դեմ էին 82-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկայի նախագահական ենթադրվող 5-րդ ժամկետին: Ցույցերի ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ:
Աբդելազիզ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից: 2013 թվականին կաթված ստանալուց հետո Բուտեֆլիկան գամված է հաշմասայլակին, այդ ժամանակից ի վեր նա հազվադեպ է ներկայանում հանրությանը եւ ելույթներով հանդես չի գալիս: