Մայիսի 31-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ կկայանա հնդկա-հայկական մեծ համերգային ծրագիր՝ հնդիկ և հայ աստղերի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է News.am-ը` երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Մերժվածը», «Թռիչք» և այլ հնդկական սերիալներից հայտնի աստղեր Ռաշամի Դեսաին, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջային, որոնք հանդես կգան հայ արտիստների՝ Միհրան Ծառուկյանի, Էրիկի, Արսեն Սաֆարյանի, Գոռ Հակոբյանի, Ալլա Լևոնյանի, Ռաֆայել Երանոսյանի և Վարդան Սարգսյանի հետ:
Ի դեպ, Վարդանը նաև շոու-ծրագրի կազմակերպիչներից է: Նրա խոսքով` հեշտ չի եղել հնդիկ աստղերի մասնակցությունը ապահովելը, քանի որ նրանք բոլորն էլ Հնդկաստանում զբաղված են նկարահումներով, սակայն կազմակերպիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է նրանց հետ համաձայնություն կնքել.
«Երեկոն շատ հետաքրքիր է լինելու, մեր սիրված արտիստները երգելու են հնդկական մեգահիթեր, նրանց միանալու են հնդիկ դերասանները, այդ ամենը զուգակցվելու է գեղեցիկ պարերով ու հնդկական տրամադրությամբ, լավ երաժշտությամբ, մի խոսքով՝ տոնական, թեթև ու գեղեցիկ երեկո է սպասվում: Հնդիկ դերասանները չեն երգելու, չնայած՝ մի քանիսը պատրաստ են դրան, բայց պարային համարներ անպայման կլինեն, որոնց բոլորը մասնակցություն կունենան: Այսինքն՝ յուրաքանչուրին կտեսնեք որևէ համարում: Մի քանի օրից արդեն կբացահայտենք, թե ով է համերգային ծրագրի բեմադրիչը: Մի խոսքով՝ կլինի բավականին հետաքրքիր և իր ոճի մեջ առաջին նման երեկոն Երևանում»,- նշել է Վարդան Սարգսյանը: