Հայաստանաբնակ ասորիներն այսօր` ապրիլի 1-ին, տոնում են Նոր տարին՝ 6769-րդ տարվա սկիզբը (ասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից):
Տոնի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Միխայլովի հետ:
-Պարո´ն Միխայլով, կպատմե՞ք մի փոքր Հաբ-Նիսանի մասին: Ինչու՞ հենց ապրիլի 1-ին: Ի՞նչ խորհուրդ է պարունակում տոնը:
- Այսօր տոնը մենք նշում ենք արդեն 6769-րդ տարին: Քանի որ թվի հետ կապված հաճախ հարցեր են առաջանում, ասեմ, որ առաջին ասորական թագավորը կավե ցուցանակների վրա որպես օրենք գրել և հայտարարել է, որ ասորիները պետք է Նոր տարի նշեն: Ըստ օրենքի հոդվածների` Հաբ-Նիսանին պետք է նշել «ադառից» հետո, որը մեր լեզվից թարգմանաբար նշանակում է մարտ ամսից հետո: Հոդվածներում հատուկ նշված էր, թե ինչպես պետք է նշել տոնը: Ընդգծված է, որ 12 օրվա ընթացքում պետք է նշել Նոր տարին: Ավանդույթի համաձայն` ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդու, որը մեր լեզվով կոչվում է «չուռտանա», այսինքն «կեղծ թագավոր»։ Ամեն օրն անցկացնում ենք աստծո անվան տակ. յուրաքանչյուր օր ամեն մի աստծո և աստվածուհու անվան տակ նշում ենք մեր Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները:
Թագավորն իր հրամանում գրում է, որ 350 տարին մեկ ով, որ դառնա թագավոր, պետք է թարմացնի այդ ցուցանակը: Նշեմ, որ առաջին, երրորդ, ութերորդ ցուցանակները գտել են և այդ թիվը կարողացել են հաշվել:
Ասորիների Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը, խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։ Մենք մեծ շուքով ենք նշում մեր Նոր տարին:
-Ի՞նչ կմաղթեք ձեր համայնքին:
- Հայաստանի մեր համայնքին մաղթում եմ հաջողություն: Թող մեր երկրում լինի խաղաղություն, որպեսզի մեր համայնքն էլ խաղաղ պայմաններում ապրի և արարի: Ուզում եմ, որ մեր համայնքը չմոռանա մեր տոները, մեր մշակույթը, պատմությունը:
Ես նաև շնորհավորում եմ մեր տարածաշրջանի բոլոր ասորիներին, առավել ևս պատմական Ասորեստանի տարածքում բնակվող ասորական համայնքների ներկայացուցիչներին: Թող խաղաղություն լինի իրենց երկրներում:
Իմ ու համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասորական համայնքին տանի կապակցությումբ շնորհավորելու համար:
Ի դեպ, նշեմ, որ աշխարհի տարբեր ծայրերի ասորական համայնքներից հյուրեր ունենք Հայաստանում: Նրանց հետ միասին գնացել ենք մեր հուշարձանի մոտ (ասորական համայնքը Երևանում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ունի) և հարգանքի տուրք ենք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը