2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր:
Թեմայի շուրջ «Արմեդիան» ՏՎԳ-ն զրուցել է Ապրիլյան պատերազմի հերոսներից Դանիել Դավթյանի հետ, ով պատերազմի արդյունքում գանգուղեղային բեկորային վնասվածք է ստացել:
- Ո՞ր պահից գիտակցեցիք, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են, ոչ թե դիվերսիա:
- Ապրիլի 1-ի լույս 2-ի առավոտյան արդեն հասկանալի էր, որ պատերազմ է սկսվել. մեր դիրքերի ուղղությամբ ծանր հրետանի էր կիրառվում: Չնայած անսպասելի էր, բայց միշտ ունեցել ենք այն ներքին զգացողությունը, որ երբ էլ լինի հարձակում, երբ էլ պատերազմ սկսվի, պետք է արժանի հակահարված տալ: Ու պիտի ասեմ, որ մենք տվյալ պահի հնարավորության սահմաններում բոլորով արեցինք դա: Ու երբ հետհայացք եմ նետում դեպքերին ու զարգացումներին, կարծում եմ, որ գուցե պետք էր ավելի խիստ ու դաժան լինել: Եթե պատերազմ լինի հիմա, մեր բանակն ավելի հագեցած է զենք զինամթերքով ու դիմակայելն ավելի հեշտ կլինի, նոր տարածքներ նվաճելը ևս:
- Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը ձեր աշխարհընկալման վրա:
- Պատերազմի արդյունքում հասկացանք, որ անկախ գտնվելու վայրից, դիրքից` մարդը պետք է զգոն լինի. երբեք չպետք է կորցնել զգոնությունը:
Պատերազմից առաջ ու հետո մարդը փոխվում է: Ու երբ անցնում ես պատերազմի միջով, ակամա ավելի զգոն ես դառնում, հակառակորդը դառնում է կանխատեսելի: